Ռեստավրատորները լազերն օգտագործում են Պոմպեյի որմնանկարները մաքրելու համար, հայտնում է The Art Newspaper-ը: Լազերը կվերականգնի գույների երբեմնի պայծառությունը, նաեւ կվերացնի նախորդ վերականգնումների հետքերը:

Թանգարանային աշխատակիցների խոսքով՝ տեխնոլոգիան առաջին անգամ նման արժեքավոր նյութի վրա է կիրառվելու:

Ռեստավրատորները չարչարվում են հնագետների կողմից 1909թ. բացահայտած Առեղծվածների վիլլայի պատկերների վրա: Օբյեկտն իր անվանումն ստացել էր հարսանեկան եւ կանացի նախահարսանեկան ծիսակարգերի թեմայով որմնանկարների մեծ եւ պայծառ շարքի, ինչպես նաեւ դիոնիսիոսյան  առեղծվածների շնորհիվ, հաղորդում է Lenta.ru-ն:

Վիլլան զբոսաշրջիկների համար բաց կմնա վերականգնման ողջ ընթացքում, որը նախատեսում են ավարտել 2013թ. հոկտեմբերին: Նախագիծը վերահսկում է Իտալիայի մշակույթի նախարարության Նեապոլի մասնաճյուղը, որը տրամադրել է 900 հազար եվրո: 

2012թ. գարնանը հաղորդվել էր, որ Իտալիայի իշխանությունները 79թ. օգոստոսի 24-ին Վեզուվի հրաբուխի ժայթքումից ավերված հին հռոմեական քաղաքի փրկության  մեծ նախագիծ էին մշակել:  Նախագծի արժեքն է 100 միլիոն եվրո: Նախագիծը մշակել են այն ժամանակ, երբ վատ  խնամքի պատճառով Պոմպեյում ավերվել էին միանգամից մի քանի հուշարձաններ: