Ծաղկաձորում, օգոստոսի 1-10-ը, կկայանա «DigiCamp» ամառային տեխնոլոգիական ձեռներցության ճամբարը: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

Միջոցառումը, որի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), նպատակ ունի համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող եւ կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը եւ սեփական բիզնեսի ստեղծումը: 

DigiCamp-ի ընթացքում  մասնակիցները կծանոթանան ոլորտի առաջնորդների հետ, կլսեն նրանց հաջողության պատմություններն ու կբացահայտեն առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները:

Նրանք  հնարավորություն կունենան մասնակցելու ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին եւ ձեռք բերել կիրառական գիտելիքներ, ինչպիսիք են`  նոր ընկերության գրանցում, հարկային օրենսդրություն, բիզնես պլանավորում, նորաստեղծ կազմակերպությունների առաջխաղացումը եւ այլն: Մասնակիցները կունենան 10 օր ժամանակ` մասնագետների խորհուրդներով իրենց բիզնես գաղափարը զարգացնելու եւ իրականացման համար պատրաստ բիզնես նախագիծ ունենալու համար:

Ճամբարին մասնակցում են 16-30 տարեկան անձիք, ովքեր ներկայացրել են ինովացիոն լուծում պարունակող բիզնես գաղափար: Լավագույն գաղափարների հեղինակները կստանան դրամական մրցանակներ, հնարավորություն կունենան մասնակցել բիզնեսի զարգացմանը նպաստող միջոցառումների, մասնավորապես` կմասնակցեն հոկտեմբերի 4-6 կայանալիք DigiTec 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:

Նշենք, որ DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ծրագրին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաեւ «Դ-Լինկ» ընկերությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: