Իտալիայում սկսվել է Եվրոպայում ամենամեծ արեգակնային էլեկտրակայանի շինարարությունը,- հայտնում է AFP-ն։ Էլեկտրակայանը կգտնվի Վենետիկի մոտակայքում՝ Ռովիգոյում, կզբաղեցնի 850 000 խ/մ տարածք (ավելի քան 120 ֆուտբոլային դաշտ) եւ կարտադրի 72 ՄՎտ էլեկտրաէներգիա։ Շինարարությունն իրականացնում է ԱՄՆ-ում բնագավառի ամենախոշոր ընկերություններից մեկը հանդիսացող SunEdison-ը։

Եվրոպայում գործող ամենամեծ արեգակնային էլեկտրակայանը գտնվում է Իսպանիայում եւ արտադրում է 60 ՄՎտ էներգիա, իսկ երկրորդը՝ Գերմանիայում՝ 50 ՄՎտ։

Շինարարությունը կարժենա 200-250 մլն եվրո։ Էլեկտրակայանը կսկսի էներգիա արտադրել 2010 թ. երկրորդ կեսից, իսկ ամբողջ հզորությամբ կգործի տարվա ավարտին։ Շահագործման առաջին տարում կայանը էլեկտրաէներգիայով կապահովի 17 000 ընտանիքների։

Նշենք, որ Գերմանիայից հետո Իտալիան արեգակնային էներգիայի արտադրության ծավալներով Եվրոպայում զբաղեցնում է երկրորդ տեղը։