Հայաստանի Բյուրականի աստղադիտարանում  միջազգային աստղաֆիզիկական կենտրոն կբացվի, ասօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողներին հայտնել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։  Համապատասխան պայմանագիր է ստորագրվել «Ռելյատիվիստական  աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի» հետ:

«Հիմնական նպատակը կոնֆերանսների անցկացման, տարբեր երկրների գիտնականների համատեղ աշխատանքի հնարավորությունն է»,- հայտարարել է Հարությունյանը։

«Ծրագիրը նաեւ հաճախ արտասահման մեկնելու եւ գործընկերների հետ աշխատելու հնարավորություն կընձեռի։ Մենք շատ ուրախ ենք այս  հնարավորության համար, քանի որ նախկինում այս հարցում մեր միջոցները սահմանափակ էին»,- հավելել է գիտնականը։

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. եւ Արեւելյան Եվրոպայի կարեւորագույն աստղագիտական կենտրոններից է: