Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին շաբաթ օրը պաշտոնում կհաստատի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիին։ Երդմնակալության արարողության առաջին մասը կսկսվի Թեհրանում, հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը։

Արարողությունը տեղի կունենա հատուկ վայրում որտեղ սովորաբար կայանում է իմամ Հոսեյնի նահատակության սգո ծեսը։ Արարողության սկզբում Ղուրանի եւ հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին զեկույցի ընթերցումից հետո ելույթ կունենա Իրանի ներքին գործերի նախարար ՄուստաֆաՄուհամեդ Նաջարը, որի գերատեսչությունը պատասխանատու է ընտրությունների անցկացման համար։

Այնուհետեւ  Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավար Մուհամեդ Մուհամադի Գոլպայեգանին կընթերցի Հասան Ռուհանիի՝ նախագահի պաշտոնն ստանձնելու երդման ամբողջական տեքստը։

Դրանից հետո, Իրանի Սահմանադրության համաձայն, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իսլամական Հանրապետության իշխանությունների բոլոր ճյուղերի առաջնորդների, ինչպես նաեւ երկրի ռազմական ղեկավարության ներկայացուցիչների ներկայությամբ կհաստատի ընտրված նախագահի՝ պաշտոնն ստանձնելու հրամանը:   Այդ պահից կսկսվի Հասան Ռուհանիի պաշտոնավարման  քառամյա ժամկետը: Այնուհետեւ Ռուհանին կներկայացնի Իրանի ապագա կառավարության գործունեության ծրագիրը, որտեղ  կշոշափվեն քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային հարցեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: