Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալիքին Թեհրանում ԻԻՀ նոր նախագահին է հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուղերձը։
Ինչպես հաղորդում է «Դամասկոս» պետական միջազգային ռադիոկայանը, ուղերձում ասվում է բոլոր ոլորտներում երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին։ Բացի այդ նշվում է, որ երկու երկրները պետք է միասնական կամք դրսեւորեն՝ տարածաշրջանում Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի դավադրությանը դիմակայելու համար։
Սիրիայի վարչապետի հետ հանդիպմանը Իրանի նախագահն, իր հերթին հայտարարել է, որ ամուր երկկողմ ռազմավարական հարաբերությունները հիմնվում են փոխըմբռնման, երկու երկրների համատեղ ճակատագրի եւ ապագայի վերաբերյալ մտահոգության վրա։ Ռուհանին եւս մեկ անգամ նշել է, որ Իրանն անվերապահորեն աջակցում է Սիրիային եւ վերջինիս ժողովրդին։
Իրանի նախագահը ընդգծել է, որ բոլոր ջանքներն ուղղվելու են կայունության վերականգնմանը, ճգնաժամի հաղթահարմանն ու բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաեւ մարտահրավերները հաղթահարելուն։ «Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ոչ այլ ինչ է, եթե ոչ տարածաշրջանում իսրայելա-ամերիկյան ծրագրերին ընդդիմանալու առանցքը թուլացնելու փորձ»։





























