Լոնդոնում համտեսել են սինթետիկ մսից պատրաստված առաջին բուրգերը: Միսը պատրաստված է եղել կովի ցողունային բջիջներից: Արհեստական ֆարշին ավելացվել են նաեւ համեմունքներ, ձվի փոշի, բազուկի հյութ:
140 գրամանոց անսովոր ուտեստը համտեսել են երկու խոհարարական փորձագետներ: Նկարագրելով իրենց զգացողությունները` նրանցից մեկը խոստովանել է, թե ավելի նուրբ եւ հյութեղ բաղադրություն էր ակնկալում:
Օգոստոսի 5-ին հայտարարվել է, որ խոհարարական գյուտի հովանավորներից մեկը Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինն է: Սինթետիկ մսի հեղինակը հոլանդացի գիտնական, Մաաստրիխտի համալսարանի պրոֆեսոր Մարկ Պոստն է, տեղեկացնում է «Լենտան»: Հեղինակների կարծիքով, այդ կերպ կարելի է լուծել մոլորակի վրա սննդի դեֆիցիտի խնդիրը:



























