Իրանը մտադիր է արտաքին աշխարհի հետ կառուցողական երկխոսություն սկսել, օգոստոսի 6-ին հայտարարել է Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։

Հանդես գալով իր առաջին մամուլի ասուլիսին՝ նա ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումները կատարվելու են։  Մտածածը կյանքի կոչելու համար Իրանը պետք է խաղաղ գոյություն ապահովի թե տարածաշրջանի, թե մոլորակի մյուս երկրների հետ։ «Մենք ԱՄՆ քաղաքականության մասին դատելու ենք ոչ ըստ հայտարարությունների, այլ իրական քայլերի, եւ համապատասխան կերպով ենք արձագանքելու։ Միեւնույն ժամանակ Իրանի շահերից է բխում տարածաշրջանում լարվածության թուլացումը, մասնավորապես, Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը»,-ընդգծել է նա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Նախագահի խոսքով՝ Իրանը հույս ունի, որ «Իսլամական հանրապետության ընդդիմախոսները կկարողանան նման կամք ունենալ՝ խնդիրը լուծելու համար: Միաժամանակ՝ Հասան Ռոհանին չի բացառել իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, եթե չոտնահարվեն Թեհրանի իրավունքները:

«Բանակցությունները, որոնք ընթանում են «վեցնյակի» հետ չեն ձախողվել: դրանք պետք է լինեն ավելի լուրջ եւ պարզ... Ցանկացած կողմից, որը լավ մտադրություն կցուցաբերի եւ եթե մեր շահերը չոտնահարվեն, մենք կարող ենք խոսել երկկողմ բանակցությունների մասին, այդ թվում ԱՄՆ-ի հետ»,-ասել է նա:

Նախագահը նաեւ նշել է, որ Իրանի կառավարությունը կշարունակի բանակցությունները Ռուսաստանի հետ՝ երկրում ատոմային էներգետիկայի զարգացման շուրջ եւ հույս ունի նոր ատոմակայաններ կառուցել: