Սոցիալական ցանցերից կախվածությունը վաղուց իրականություն, իսկ երբեմն էլ առավելություն է դարձել: Նրանց համար, որոնք չեն կարողանում կտրվել միկրոբլոգներից նույնիսկ արձակուրդի ժամանակ, իսպանական հանգստավայրերից մեկում հատուկ հյուրանոց է բացվել Twitter-ի օգտատերերի համար:

Հյուրանոցի հաճախորդները ոչ միայն Wi-Fi կունենան, այլեւ հատուկ Twitter-կոկտեյլներ, ինչպես նաեւ բազմաթիվ էքսկլյուզիվ ծառայություններ, որոնք հասանելի են հեշթեգների միջոցով, հաղորդում է Russia Today-ը:

Հյուրանոցային համարները Twitter-ի դասական գույներով են՝ սպիտակ եւ արծաթագույն՝ վառ կապույտ երանգով: Sol Wave House-ի հյուրերին գրանցվելիս հասանելիության կոդեր կտրամադրվեն, որոնք գործում են միայն հյուրանոցի անթել ցանցի շրջանակներում: Հաճախորդները կարող են միմյանց թվիթներ գրել, լուսանկարներ տեղադրել եւ անգամ սիրաբանել:

Երեկույթների համար կարելի է օգտվել #TwitterPartySuite հեշթեգից եւ մեկ գիշերով 4-տեղանոց համար ստանալ՝ փուչիկներով, շամպայնով, հատուկ «երկնագույն մոխիտոյով», եւ իհարկե, հսկայական հայելիով: