Եթե Google-ը Google.cn որոնողական համակարգում գրաքննությունը հանի, ապա հետեւանքներն ընկերության համար լուրջ կլինեն։ «Սինհուա» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Չինաստանի արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Լի Իչժունը։ Պեկինում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ Google ընկերությունը պարտավոր է կատարել Չինաստանի օրենսդրության պահանջները, եթե ուզում է շարունակել իր գործունեությունը երկրում։

Միեւնույն ժամանակ նախարարը շնորհակալություն է հայտնել Google –ին՝ Չինաստանում ինտերնետային շուկան զարգացնելու համար։ Նա նշել է, որ ընկերությունը 2007 թվականին հայտնվելով երկրում՝ հաջողությունների է հասել՝ գրավելով շուկայի 30 տոկոսը։ Լին նաեւ ընդգծել է, որ կառավարությունը կաջակցի Google-ին, եթե ընկերություն շարունակի զարգացնել սեփական բիզնեսը Չինաստանում։

Հիշեցնենք, որ հունվարին Google –ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ պատրաստ են հեռանալ Չինաստանից՝ ի պատասխան ընկերության կորպորատիվ ցանցի վրա կատարած հաքերային հարձակման։ Որոնողական համակարգի ներկայացուցիչների տեղեկություններով, հարձակումն իրականացվել է Չինաստանից, իսկ նպատակն է եղել՝ ձեռք բերել չինացի իրավապաշտպանների տվյալները։ Google-ը զգուշացրել էր նաեւ, որ կհանի գրաքննությունը որոնողական համակարգից, որը ընկերությունը մտցրել էր Չինաստան գալուց հետո՝ իշխանությունների պահանջով։