Լոս Անջելեսում 67 տարեկան հասակում մահացել է ջազային դաշնակահար եւ պրոդյուսեր Ջորջ Դյուկը, ով աշխատել է Ֆրենկ Զապպայի եւ Մայքլ Ջեքսոնի հետ: Երաժիշտը մահացել է լեյկեմիայից:
Դյուկն առաջին անգամ ջազ լսել է, երբ 4 տարեկան էր, մայրը նրան տարել էր Դյուկ Էլինգթոնի համերգին: Արդեն 7 տարեկանում նա սկսել է ջազ նվագել սովորել:
Ջորջ Դյուկը համարվում է ջազ-ֆյուժընի, ֆանկի եւ R’n’B-ի պիոները: Նրան միջազգային ճանաչում է բերել «The Jean-Luc Ponty Experience with The George Duke Trio» ալբոմը: Երիտասարդ տարիներին համագործակցել է Էլ Ջերրոյի հետ, 70-ականներից մասնակցել Ֆրենկ Զապպայի ալբոմների ձայնագրմանը, եղել է «The Mothers of Invention» խմբի անդամ, աշխատել Մայլս Դեւիսի, Cannonball Adderley խմբի հետ: Դյուկը նաեւ մանսակցել է Մայքլ Ջեքսոնի «Off the wall» (1979) պլատինե ալբոմի ձայնագրմանը:
Դյուկն իր մենակատարի կարիերան սկսել է 1976թ., 35 տարում 30 ալբոմ է թողարկել, նաեւ «Գրեմմի» ստացել: Վերջին ալբոմը՝ «Dream Weaver»-ը թողարկվել է 2013թ. հուլիսին, եւ նվիրված էր քաղցկեղից մահացած իր կնոջը:











