Պարզվել է այսօր` օգոստոսի 7-ին, Լոռու մարզի Ալավերդի-Մադան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի մահացած վարորդի ինքնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am–ի Լոռու թղթակիցը, «ՄԱԶ 500» մակնիշի 178 ՍԼ 38 համարանիշի ավտոմեքենան վարել է Ալավերդու բնակիչ, 1959 թվականին ծնված Մամիկոն Գրիգորյանը:
NEWS.am-ի Լոռու թղթակցի փոխանցմամբ, նշված բեռնատարը հաշվառված է Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի (էյ Սի Փի ՓԲԸ) հաշվեկշռում, իսկ Մ. Գրիգորյանը, գործարանում աշխատում էր որպես վարորդ:
Հիշեցնենք, որ բեռնատարը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շուրջ 30 մետր ժայռաբեկորներին հարվածելով, գլորվել ձորը: Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել էր:
Դեպքի վայր են ժամանել Լոռւ ճանապարհային ոստիկանները` Մարտիկ Բալայանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարները, ովքեր եւ մահացածի դին դուրս են բերել ձորից եւ հանձնել շտապ օգնությանը:
Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











