Հայաստանի կառավարությունը մեկ տարով երկարաձգել է ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի գործողության ժամկետը` Լիբանանի եւ Սիրիայի քաղաքացիներին հնարավորություն տալով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր:

ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի այն դրույթը, որ Եվրամիության անդամ պետությունների եւ Եվրամիության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական Միության ոչ անդամ պետությունների քաղաքացիներն ազատվում են Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի պահանջից, տարածվել է Խորվաթիայի վրա, որը ս.թ. հուլիսի 1-ից դարձել է Եվրամիության անդամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի ՀՀ արտգործնախարարությունը քննարկի Իրաքի քաղաքացիներին վիզաների տրամադրման հարցը եւ առաջարկություն ներկայացնի: «Ակնհայտ է, որ այսօր Իրաքում բավական մեծ զբոսաշրջային ներուժ կա, եւ պետք է այնպիսի ռեժիմ սահմանել, որպեսզի այդ երկրի քաղաքացիները կարողանան Հայաստան այցելել: Մեծ, վճարունակ եւ դինամիկ տուրիստական ներուժ ունեցող երկիր է այսօր Իրաքը դարձել: Եվ մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում մեր հարեւան երկրները սահմանում են այնպիսի ռեժիմներ, որպեսզի կարողանան այդ տուրիզմը իրենց մոտ տանել: Անհրաժեշտ է, որպեսզի արտգործնախարարությունն էկոնոմիկայի նախարարության հետ քննարկի այս հարցը եւ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնի առաջարկություններ. նախարարական կոմիտեում քննարկենք, թե ինչ ռեժիմ կարող ենք սահմանել, որպեսզի բարձրացնենք Հայաստանի տուրիստական գրավչությունը: Մեր քաղավիացիայի վարչության հետ էլ պետք է քննարկել այս հարցը` ուղիղ չվերթների կազմակերպման հարցը: Մեկ շաբաթ հետո նախարարական կոմիտեում քննարկենք»: