Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների զանգվածային թունավորումը կապված չէ սնունդի որակի հետ, համոզված են երկրի իշխանությունները։ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչը առաջարկել է սթափ գնահատել իրավիճակը, հայտարարելով, որ հիմքեր չկան զբոսաշրջիկների Թուրքիա մեկնելը տեսականորեն արգելելու համար։ Այդ սպառնալիքները հնչեցրել էր Ռոսպոտրեբնադզորը։
Դեսպանատան ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նշել է, որ թունավորման զանգվածային դեպքեր գրեթե չեն արձանագրվում՝ չնայած երկրում հանգստացող միլիոնավոր զբոսաշրջիկների։ Նա նշել է, որ գուցե ռուսներն ունեն սնունդի ինչ-որ առանձնահատուկ մշակույթ, որը թունավորման պատճառ է հանդիսանում։ Նա նշել է, որ ռուսներին դուր է գալիս «all inclusive» տարբերակը, սակայն շվեդական սեղանից անսահմանափակ օգտվելը կարող է խնդիրներ առաջացնել։ Շոգ եղանակային պայմաններում սննդի չարաշահումը կարող է նման հետեւանքների հանգեցնել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Grand Ring հյուրանոցում հանգստացող 69 քաղաքացիներ բուժօգնության են դիմել։ Բոլորի մոտ ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։ Նույն ախտորոշումը գրանցվել է նաեւ Ալանիայի Orient Palace հյուրանոցի 23 եւ Բելեքում Jacaranda հյուրանոցի 24 հյուրերի մոտ։




























