Վերջերս հայտնաբերված «PS13» աստերոիդը, որի տրամագիծը գնահատվում է 5-19 մետր, ուրբաթ կանցնի Երկրից եւ Լուսնից գրեթե հավասար հեռավորությամբ, ասվում է Միջազգային աստղագիտական միության հաղորդագրության մեջ:
Նոր տիեզերական օբյեկտն առաջինը նկատել էին իսպանական Լա Սագրա աստղադիտարանի աշխատակիցները` օգոստոսի 7 –ին, այնուհետեւ այդ բացահայտումը հաստատել էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի գործընկերները:
Հաշվարկները ցույց են տվել, որ երկնային մարմնի տրամագիծը 5 -19 մետր է, համեմատության համար նշվում է, որ Չելյաբինսկի աստերոիդը տրամագիծը մոտ 18 մետր էր: Օգոստոսի 9-ին Գրենվիչի ժամանակով ժամ 05.23 –ին (երեւանյան ժամանակով` ժամը 09.23-ին) աստերոիդը կանցնի Երկրից մոտ 203,7 հազար կմ հեռավորությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:





























