ԱՄՆ-ում բեռնատարի վարորդն ու նրա 7 տարեկան որդին թեթեւ վնասվածքներ են ստացել եւ կարողացել են քայլել այն բանից հետո, երբ խոշոր բեռնատարը մեծ արագությամբ ընկել է ձորը եւ պայթել: Associated Press-ի փոխանցմամբ, սարսափելի վթարը տեղի է ունեցել Ինդիանա նահանգի Գրինսբուրգ քաղաքի մերձակայքում:
30-ամյա Ռայան Յանգը բեռնատարը վարում էր Գրինսբուրգի մերձակա թիվ 74 մայրուղով, երբ նրա առջեւից ընթացող մեքենան վթարային իրավիճակ է ստեղծել: Բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից, սակայն կորցրել է կառավարումը եւ ընկել ձորակը: Սարսափելի վթարի տեսարանը նկարահանել է մեկ այլ բեռնատարի վարորդ, եւ դրանում երեւում է, թե ինչպես է Յանգի բեռնատարը դուրս թռչում ճանապարհին, բախվում գետնին եւ բռնկվում:
Ոստիկանների փոխանցմամբ, հարվածից վնասվել է վառելիքի բաքը եւ բենզինը բռնկվել էր: Յանգը դեմքի եւ գլխի հատվածում մի քանի քերծվածք է ստացել, թեթեւակի վիրավորվել է նաեւ նրա որդին: Նրանց երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց` բուժզննման համար: Ոստիկանության ներկայացուցիչ Նոել Հաուզը հայտնել է, թե դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:











