Վերաքննիչ քրեական դատարանում այսօր` օգոստոսի 9-ին շարունակվեց  Տիգրան Առաքելյանի դատավարությունը: Դատարանում հարցաքննության փուլն էր:

Առաջինը հարցաքննվել է «Հայկական Ժամանակ» թերթի ՀԺ-ի նախկին լրագրող, Անի Գեւորգյանը՝ Սարգիս Գեւորգյանի քույրը: Նա ասաց, որ դեպքի օրը ինքը  եղել է ՀԺ-ի խմբագրությունում եւ հոդված է գրել: Երեկոյան մոտ ժամը 22.00-ի սահմաններում  իր գործընկեր Հայկ Գեւորգյանը հեռախոսազանգ է ստացել, որով հայտնել են, որ Կարապի լճի մոտակայքում, գրադարանի մոտ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի ակտիվիստներին եւ բերման ենթարկել յոթ մարդու, այդ թվում իր եղբորը: Ավելի ուշ Անի Գեւորգյանը տեսել է, որ ոստիկանական Կենտրոնականի բաժին արդեն տղաները մարմնական վնասվածքներով են տեղափոխվել: Նա հերքեց ոստիկանների՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, թե դեպքի պահին այնտեղ  էեղել եւ նկարահանումներ արել: «Եթե ոստիկանները հայտարարեին, որ ես գտնվել եմ լուսնի վրա, այդ ցուցմունքն էլ արժանահավատ կհամարվեր»,- նշել է վկան:

Հարցաքննվել է նաեւ «Հայկական Ժամանակ» թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը: Նա նշել է, թե դեպքի մասին տեղեկացել է Վահագն Հովակիմյանից, ում եւս հեռախոսազանգի միջոցով էին տեղեկացրել դեպքի մասին: Երրորդ վկան՝ լրագրող Վահագն Հովակիմյանը պատմել է, որ ինքն ու Անին գնացել են ոստիկանական բաժանմունք, մինչեւ երիտասարդներին բերել են: Ժամը 22.00-ի սահմաններում իր ծանոթներից մեկը զանգահարել եւ ասել է, որ կարմիր բերտավորները կոնգրեսի ակտիվիստներին ծեծել են եւ բերման ենթարկել:

Պաշտպանական կողմը այլ վկաներ եւս ունի դատակոչելու, փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտնել է, որ նրանցից մեկը՝ Նշան Օրդոյանը բացակայում է քաղաքից:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում: Վճռաբեկն դատարանն էլ հետ է ուղարկել վերաքննիչ:

2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am