Ոստիկանությունը բացահայտել է մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած սպանությունը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 19-ին, ժամը 19.25-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ գնացել է բարեկամուհուն տեսակցության` Էմինեսկուի փողոցի թիվ 19/Ա տուն, բայց տանտիրուհին չի արձագանքել իր զանգերին: Մտնելով տուն` նկատել է, որ տան իրերը ամբողջությամբ խառնված են, իսկ տարեց  տանտիրուհին սպանված է:

Պարզվել էր, որ հուլիսի 18-ի ժամը 21.00-ից հուլիսի 19-ի ժամը 19.25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը պատշգամբի դռնից մտել Էմինեսկուի 2-րդ փողոցի թիվ 19/Ա տուն եւ խեղդելով` սպանել 1938 թ. ծնված Անյա  Մուսայելյանին,   խառնել տան իրերը եւ դիմել փախուստի:

Օգոստոսի 8-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները,   Երեւան քաղաքի վարչության, քննչական բաժնի եւ ՊՊԾ գնդի   ծառայողների հետ համատեղ, սպանությունը կատարելու կասկածանքով, Լոռու մարզի Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 23 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Շ.-ին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Շ.-ն   հուլիսի 19-ին, ժամը 06.30-ի սահմաններում, բաց դռնից մտել է Էմինեսկույի 2-րդ փողոցի թիվ 19/Ա տուն, խեղդելով սպանել է Անյա Մուսայելյանին, հափշտակել 2.700 դոլար եւ ոսկյա զարդեր:

Արթուր Շ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի եւ 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: