Հայաստանին անհրաժեշտ են էներգաէֆեկտիվ շինարարության մասնագետներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով`Հայաստանում էներգախնայողական տեխնոլոգիաներն ու շինանյութերն առայժմ հաճախակի չեն կիրառվում, բայց մեղավորը ցածր պահանջարկը չէ: «Նման շենքերի պահանջարկ կա, սակայն դրան համապատասխանեցված մասնագետների դպրոց եւ շինարարության տեխնոլոգիական ցիկլ չկա»,-պարզաբանեց Մինասյանը:

Նրա խոսքով` կադրային ոչ բազային խնդիրը հրատապ է ոչ միայն ճարտարապետների, այլ շինարարների համար:

Մյուս խնդիրն այն է, որ էներգախնայողական տեխնոլոգիաները թանկացնում են շինարարության նախահաշիվը: «Դա պոտենցիալ պատվիրատուներին ետ է մղում: Սակայն այդ ուղղությամբ սովորել պետք է: Առանց դրա զարգացում չի կարող լինել»,-նշեց ճարտարապետը:

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում շենքերի ջերմային պահպանության նորմերը կարգավորվում են նույնանուն նորմով: Քննարկումներ են իրականացվում ԵՄ համապատասխան դիրեկտիվների տեղայնացման ուղղությամբ: