Պետք չէ ակնկալել, որ Իրանի նոր նախագահը որոշիչ դեր կխաղա երկրի քաղաքականությունը որոշելու հարցում։ Այս մասին օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արեւելագետ Սուրեն Մանուկյանը։
Նա հիշեցրել է, որ Իրանի քաղաքականությունը որոշում է երկրի հոգեւոր առաջնորդը եւ նրա շրջապատը։ «Իրականում նախագահի ընտրությունից հետո երկրում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ դրա գլխավոր ցուցանիշն այն է, որ Իրանը Սիրիային տրամադրել է 4,5 մլրդ դոլարի վարկ՝ փոխարենը գազի տարանցման հարցում առաջնայնություն ստանալով»,-ընդգծել է փորձագետը։
Սուրեն Մանուկյանի կարծիքով՝ հետաքրքիր է նաեւ տարածաշրջանում Իրաքի դերը։ «Իրաքը պետություն է, որի միջոցով Սիրիան դիզելային վառելիք եւ պահեստամասեր է ստանում։ Վերջին տարվա ընթացքում այդ երկիրը Ասադի կողմից է հանդես գալիս եւ իր սահմանը փակել է սիրիական ահաբեկիչների համար»,-ասել է փորձագետը, ընդգծելով, որ Իրանն ու Իրաքը այս կամ այն առումով Բաշար Ասադի համար կայուն հենակետ է։





























