Վենեսուելայում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել Petroleos de Venezuela պետական ընկերությանը պատկանող նավթավերամշակման խոշոր ձեռնարկությունում:
Պուերտո լա-Կրուս քաղաքում գտնվող գործարանում հրդեհն սկսվել է տեղի ժամանակով 15:00-ին: Այրվել է նավթամթերքի պահեստարանը, որին հարվածել է կայծակը: Գործարանում մի քանի պայթյուն է որոտացել, իսկ կրակի սյունը, ըստ ականատեսների, հասել է մի քանի տասնյակ մետրի, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը:
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները եւ ձեռնարկության ղեկավարները հայտարարել են, որ զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չունեն: Գործարանում աշխատում է մոտ 1000 մարդ:











