Հայաստանի սփյուռքի նախարարությունում, այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի է ունեցել Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: (ֆոտոռեպորտաժ)

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արի տուն» 7-ի մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բարի երթ մաղթելով արիտունցիներին, նա մասնավորապես նշել է. «Սիրելի արիտունցիներ, կատարվել է ձեր երազանքը: Ձեզանից շատերն առաջին անգամ ոտք են դրել հայրենի հողի վրա: Ուրախ եմ, որ դուք եւս մաս կազմեցիք այն հազարավոր երիտասարդների, ովքեր ծրագրի գոյության 5 տարիների ընթացքում այցելել են Հայաստան, ընկերացել են, բարեկամացել: Կարծում եմ որ այդ բարեկամությունը դեռ երկար կշարունակվի»:

Նախարարը կարեւորել է հայերենի ուսուցումը: Նա հորդորել է ամեն օր հաճախել հայոց լեզվի դասընթացներին եւ Հայաստանում խոսել միայն հայերեն, ճանաչել Հայրենիքը եւ վերջապես, բարեկամանալ իրար հետ:

Ելույթ են ունեցել եւ արիտունցիներին ողջունել են «Կրթություն» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը, հայերենի արագացված ուսուցման դասագրքի հեղինակ Լուսինե Մուրադյանը, Մանկական եվրատեսիլ 2011թ Հայաստանը ներկայացրած Դալիթան, հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, ծրագրի մասնակիցներ:

Ծրագրի այս փուլին Հայաստան է ժամանել շուրջ 85 մասնակից աշխարհի 16 երկրից՝ Ուրուգվայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Սիրիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am