Իրանում ավարտվել է նոր «Ֆաթեհ» սուզանավի կառուցումը: Մոտակա ժամանակներս ստորջրյա նավը կհամալրի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի զինանոցը: Այդ մասին է հաղորդում «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Գոլյամրեզ Հադեմ-Բիգամին:

593 տոննա քաշով փոխադրումներ իրականացնող «Ֆաթեհ» («նվաճող», «հաղթանակող») սուզանավը կարող է սուզվել 200-250 մետր խորությամբ եւ ջրում մնալ 35 օր: Այն կրում է չորս 533մմ-անոց տորպեդո, ինչես նաեւ 8 ծովային արկ, եւ երկու պահեստային տորպեդո: Այն կարող է կրել բարձր արագությամբ ստորջրյա «Շկվալ» հրթիռներ, ինչպես նաեւ փոխադրելի ՀՕՊ համակարգեր եւ տեղափոխել ծովային հատուկ նշանակության ջոկատներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կրեյսերական 8 հանգույց արագությամբ (14.8 կմ/ժ) այն կարող է հաղթահարել 6700կմ հեռավորությամբ ջրային տարածություն: Ջրային միջավայրում «Ֆաթեհի» առավելագույն արագությունը 11 հանգույց է (20.35 կմ/ժ), իսկ սուզված ժամանակ՝ 14 հանգույց (25.9կմ/ժ):

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ներկա պահին «Ֆաթեհ» տեսակի ստորջրյա նավերից բացի Իրան կառուցում է առավել ծանր «Բեսաթ» սուզանավեր: