Ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը նշանակվել է Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` հայտնի միջադեպից հետո Վարդան Ղուկասյանը համապատասխան վերաբերմունքի էր արժանացել եւ ստացել համարժեք պատիժ:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել էր, թե ընդամենը վերջերս ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը` Դոգը, նոր պաշտոն է ստացել` կրկին համակարգում:
Նա ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում նշանակվել է ոստիկանապետի տեղակալ: Ուշագրավն այն է, որ այս նշանակումն արդեն քանի օր թաքուն է պահվում` ավելորդ աղմուկից խուսափելու համար:
Նշենք, որ Դոգն աշխատանքից հեռացվեց Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ:
«Աղմուկը մեղմելու համար նրան հեռացրին աշխատանքից, ապա նաեւ ոստիկանապետի հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքներով հայտարարվեց խիստ նկատողություն: Բայց, ինչպես երեւում է, Վովա Գասպարյանը նրան երկար գործազուրկ չթողեց: Աղմուկն անցավ, եւ նա նորից պաշտոն ունի»,- գրել էր թերթը:




























