Մինչեւ տարեվերջ 300 նոր դպրոցներ կմիանան Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ այժմ իրենց կենտրոնը զբաղված է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման տեխնիկական պայմանների սահմանմամբ, որին կհաջորդի համապատասխան մրցույթի հայտարարումը։
«Առաջիկա 10 օրում մրցույթ կհայտարարվի կազմակերպությունների համար, ովքեր կցանկանան այդ ցանցը կառուցել եւ նոր դպրոցները միացնել ցանցին»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ցանցին միացող դպրոցները կընտրվեն՝ ելնելով դրանց տեխնիկական պայմաններից։ Նա տեղեկացրեց նաեւ, որ այժմ ցանցին միացված է 644 դպրոց։


























