Հարավթուրքական Քըլըս քաղաքից ոչ հեռու հնագետները հայտնաբերել են բրոնզեդարյան «կորուսյալ քաղաք», որտեղ հնագիտական պեղումների ղեկավար, Թուրքիայի հանրապետական համալսարանի պրոֆեսոր Աթիլա Էնգինի պնդմամբ կարող էր ապրել աստվածաշնչյան մարգարե Աբրահամը:
«Երկաթեդարյան պապիրուսի համաձայն այստեղ հայտնաբերված կորուսյալ քաղաքը այն քաղաքն է, որտեղ ապրել է Աբրահամ մարգարեն: Սա (հայտնագործությունը-խմբ.) տարածաշրջանի եւ երկրում տուրիզմի զարգացման համար մեծ ներդրում է հանդիսանում»,- հայտարարել է Էնգինը, հայտնում է Hurriyet Daily News-ը : Թե կոնկրետ որ փաստաթուղթն է մեջբերում Էնգինը, որտեղ է այն հայտնաբերվել եւ ինչ է այնտեղ ասվում, հաղորդագրությունից պարզ չի դառնում: Հնագետների աշխատանքների արդյունքները չեն հրապարակվել միջազգային գրախոսվող ամսագրերում, նշում է Lenta.ru-ն:
Բացի այն հանգամանքը, որ պեղված քաղաքը կապում են աստվածաշնչյան մարգարեի հետ, Էնգինը պատմել է տեղից 134 արծաթե դրամներից բաղկացած գանձի հայտնաբերման մասին: Գիտնականի խոսքով, դրանք պատկանել են «Ալեքսանդր Մեծի գանձարանին»: Գտնվել են սեպագիր աղյուսներ եւ խեթական արքաների կնիքներ: Փաստաթղթերը, որոնք թվագրվում են մ.թ.ա. 3000 թ., խոսում են վայրի կարեւորության մասին, որ այն, հնարավոր է, մայրաքաղաք է հանդիսացել: Գիտնականները ենթադրում են, որ վայրը համապատասխանում է հնագույն Ուլիս քաղաքին, սակայն մինչ լրացուցիչ ապացույցների հայտնաբերումը պատասխանատվություն չեն վերցնում պնդել այդ մասին:




























