Ամուր գետի ամբողջ երկայնքով հեղեղումների պատճառով իրավիճակը գրեթե աղետալի է, լրագրողներին հայտնել է Հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի Հեռավոր Արեւելքի վարչության պետ Վյաչեսլավ Պարշինը։

Ըստ նրա՝ Ամուրի մարզում ջրի մակարդակը հասնում է մինչեւ չորս մետրի, Հրեական ինքնավարությունում՝ մինչեւ 3,5 մետրի, Խաբարովսկում՝  մինչեւ 3 մետրի։

Ջրհեղեղի երկու հիմնական օջախ է ձեւավորվել. Բլագովեշչենսկի շրջանում եւ Հրեական ինքնավար մարզում։

Խաբարովսկում օգոստոսի 17-ի առավոտյան ջրի մակարդակը հասել է 6,23 մետրի։ Վերջին օրերին ջուրը 19 սմ-ով բարձրացել է։ Պարշինի խոսքով՝ նման բան 120 տարին մեկ անգամ է  լինում, գրում է «Ինտերֆաքսը»։

Խաբարովսկում ամենավարար հեղեղումները սպասվում են օգոստոսի 20-25-ին, իսկ Ամուրի Կոմսոմոլսկում՝ 27-31-ին։

 Խաբարովսկում մոտ 300 մարդ է տարհանվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի խոսքերը։

Հուլիսի վերջից Ռուսաստանի մի շարք շրջաններում՝ Խաբարովսկի երկրամասում, Ամուրի, Մագադանի եւ Չելյաբինսկի մարզերում, Բաշկիրիայում եւ Հրեական ինքնավար մարզում ջրհեղեղներ են։ Ամուրում ջրհեղեղից մոտ 13 հազար մարդ է տուժել, աղետի հացրած վնասը գնահատվել է նվազագույնը 3 մլրդ ռուբլի։