Հայաստանում գենդերային հավասարության մասին օրենքներն անիմաստ ու վտանգավոր են: Այս մասին օգոստոսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով Հայաստանում վերոհիշյալ օրենքի ընդունմանը:
«Եթե մենք դառնում ենք Եվրոպական միության ասոցացված անդամ, պետք է ինքնաբերաբար պատասխանատվություն ստանձնենք, որը սահմանվում է ԵՄ պայմանագրերով: Դրանցով լիովին պաշտպանվում են սեռական, լեզվային, ազգային փոքրամասնությունների իրավունքները»,-ընդգծել է Ահարոն Ադրիբեկյանը: Նրա խոսքքով՝ հայերն ավանդապաշտ ազգ են, հայերենում «գենդեր» բառը չկա: «Մեր հասարակությունը տղամարդկային է: Մենք պետք է փոխենք մենթալիտետն ու մշակութային մոդելը, բոլոր կրոնական արժեքները եւ ավանդույթները, այլ ոչ թե օրենքներ ընդունենք»,-կարծիք է հայտնել սոցիոլոգը: Նա նաեւ հավելել է, որ սոցհարցման արդյունքում Հայաստանում կանանց քաղաքականությամբ զբաղվելուն կողմ է տղամարդկանց 70 տոկոսը, կանանց՝ 76: «Հավասար հնարավորությունների դեպքում կանանց օգտին կքվեարկի տղամարդկանց 60 տոկոսը, կանանց՝ 75: Տղամարդկանց 32 եւ կանանց 40 տոկոսը ցանկություն են հայտնել, որպեսզի իրենց դուստրը զբաղվի քաղաքականությամբ»,-ընդգծել է Ահարոն Ադիբեկյանը:
Հիշեցնենք, որ մայիսին Հայաստանի խորհրդարանը օրինագիծ էր ընդունել տղամարդկանց եւ կանանց հավասար հնարավորությունների եւ իրավունքների մասին: Օրինագծի երրորդ հոդվածը սոցիալական կայքերում եւ հասարակության շրջանում բուռն քննարկումների առարկա էր դարձել:





























