Բյուրականի աստղադիտարանում օգոստոսի 19-ից մեկնարկել է 4-րդ ամառային դպրոցը, որը կշարունակվի մինչեւ օգոստոսի 23-ը:
Հայկական աստղագիտական ընկերակցությունից հայտնեցին, որ այս անգամ ամառային դպրոցն ընդլայնված ձեւաչափով է`42 ուսանողների մասնակցությամբ, որոնցից 12 –ը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից են, մնացածները` միջազգային հարաբերությունների, արեւելագիտության, ժուռնալիստիկայի եւ ռոմանա-գերմանական ֆակուլտետներից, նաեւ`Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից ու Տուրիզմի հայկական ինստիտուտից:
Ամառային դպրոցի մասնակիցները կունկնդրեն աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի, փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանի, Հայկական աստղագիտական ընկերակցության համանախագահ, հայկական վիրտուալ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի եւ երիտասարդ մասնագետներ Հայկ Աբրահամյանի ու Գոհար Հարությունյանի դասախոսությունները:
Բյուրականի դպրոցի կազմկոմիտեի քարտուղար Գոհար Հարությունյանը հայտնել է, որ ամառային դպրոցին զուգահեռ, ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված Միջազգային աստղագիտական միության գիտական կոնֆերանսի կազմակերպչական աշխատանքներին մասնակցող ուսանողների նախապատրաստական պարապմունքներ են անցկացվում:





























