Հայ-իրանական հարաբերությունները կմնան նույնքան բարենպաստ, որքան հիմա են: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը`անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի վարած քաղաքականությանը:

«Քաղաքական իմաստով հայ-իրանական հարաբերություններում հետագա բարելավման հնարավորություն չկա, քանի որ դրանք առավելագույնս  բարենպաստ են: Դրանք  որոշ սահմանափակումներ ունեն` կապված ԱՄՆ-ի, եվրոպական երկրների եւ Ռուսաստանի դիրքորոշումների հետ», - նշել է Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է տնտեսական փոխգործակցությանը, ըստ քաղաքագետի, այդտեղ զարգացման մեծ հնարավորություններ կան:

«Ի հեճուկս տարածված կարծիքի, Իրանը բավական պրոտեկցիոնիստական երկիր է` շատ յուրահատուկ օրենսդրությամբ: Երկիրը հիմնականում փակ է մնացած երկրների համար, այդ թվում` Հայաստանի», - հայտարարել է փորձագետը` ընդգծելով, որ մեզ թույլ են տալիս մտնել որոշ շուկաներ, օրինակ` էներգետիկական, այլ շուկաներ մտնելն էլ արգելում են մտնել: Իսկանդարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Իրանի տնտեսական հարաբերությունների զարգացումը կշարունակվի` նշելով, որ դա մեծապես կախված է ֆինանսական բաղադրիչից: