Չիլիի ALMA աստղադիտարանում, որտեղ գտնվում է աշխարհի խոշորագույն աստղադիտակը, գործադուլ են անցկացնում մոտ 200 տեխնիկական աշխատակիցներ: Նրանք պահանջում են աշխատավարձը բարձրացնել 15%-ով:

Բացի այդ, տեխնիկական կազմը փոխհատուցում է պահանջում մեծ բարձրություններում եւ սենսորային դեպրիվացիայի պայմաններում կատարվող աշխատանքի համար: Արհմիության ղեկավար Վիկտոր Գոնսալեսը լրագրողներին հայտնել է, որ աշխատակիցները ստիպված էին գործադուլ հայտարարել, քանի որ չի  հաջողվել համաձայնության հասնել գործատուի` ԱՄՆ-ի համալսարանական ասոցիացիայի հետ: Աստղադիտարանում աշխատող գիտնականները գործադուլին չեն մասնակցում, հայտնում է RBC-ն` վկայակոչելով BBC-ն:

ALMA աստղադիտարանը (Atacama Large Millimeter/submillimeter Array) տեղակայված է ծովի մակարդակից ավելի քան 5 հազար մետր բարձունքում՝ Չիլիի Ատակամա անապատում։ յուրահատուկ բնական պայմանները թույլ են տալիս աստղագիտական բարձր արդյունավետությամբ հետազոտություններ կատարել: