30-ամյա նիգերիացին Իրանի քաղաքացուց թմրանյութ է ձեռքբերել եւ Հյուսիսային պողոտայում հյուրասիրել է հայ ընկերներին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ գործը քննվելու է իրենց մոտ:

Դատաքննության նյութերով հայտնի է դարձել, որ Նիգերիայի քաղաքացի Ֆորտունատե Իկեմսինաչի Նուգվին իրացման եւ իր գործածման նպատակով 2012 թվականի դեկտեմբերի վերջերին, Երեւան քաղաքի Հյուսիսային Պողոտայում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանում ազգությամբ պարսիկ ոմն Համիդից, ապօրինի ձեռք է բերել եւ պահել մոտ 4 գրամ «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Այնուհետեւ՝ 2013թ. հունվարի սկզբներին՝ ամանորի տոներից հետո, Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող «Սեգաֆրեդո» սրճարանի տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոցի հիշյալ քանակությունից տարբեր օրերին, չպարզված չափաբաժիններով, անհատույց՝ հյուրասիրության եղանակով, 2 դեպքով ապօրինի իրացրել է Արշակ Ղ.-ին եւ Օդիսեյ Հ.-ին:

Նիգերիացուն մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Դատական առաջին նիստը կայանալու է օգոստոսի 29-ին: