Բյուրականի աստղադիտարանում (իսկ ավելի ստույգ, ինպես պարզվեց, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում) Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնի ստեղծման լուրը որոշ հայ գիտնականներ տարակերպ ընդունեցին։ Վերին ատյաններ (ՀՀ ԳԱԱ եւ Կրթության եւ գիտության նախարարություն) ուղարկվեց մի նամակ Ալիխանյանի անվան լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) երեք աշխատակիցների ստորագրությամբ։

Նամակը սկսվում է այն բանի հիշեցումից, որ ժամանակին իրենց ջանքերով կասեցվել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի «հակագիտական դոկտորական ատենախոսության» պաշտպանությունը։ Այնուհետեւ կասկածի տակ է դրվում աստղադիտարանում Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնի ստեղծման հնարավորությունը, քանի որ «աստղադիտարանում կամ ԳԱԱ-ում չկա գեթ մեկ մասնագետ այդ բնագավառից»: «Կենտրոնի բացումը ԳԱԱ-ի հիմնարկում, որտեղ տեղեկություն չունեն հարաբերականության տեսությունից, սև խոռոչներից, ռելյատիվիստական կոսմոլոգիայից, իր անհեթեթությամբ քմծիծաղ է առաջացրել արտասահմանի մեր գործընկերների մոտ, այն կվարկաբեկի աստղադիտարանի, հայկական գիտության անունը», - ասված է նամակում, որը ստորագրել են պրոֆեսորներ Վահագն Գուրզադյանն ու Արա Սեդրակյանը եւ ակադեմիկոս Սերգեյ Մատինյանը։

Նամակը մեկնաբանելու NEWS.am-ի թղթակցի խնդրանքին` Հայաստանի ազգային Ակադեմիայի ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս քարտուղար Յուրի Չիլինգարյանն այն անվանեց ուղղակի ոչ կոռեկտ, նշելով որ նամակի առաջին մասը՝ Հայկ Հարությունյանի ատենախոսության մասին, ոչ մի կերպ չի առնչվում հարցի էությանը։ Ինչ վերաբերում է Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնին, պարոն Չիլինգարյանը պարզաբանեց, որ այն ստեղծվում է ոչ թե Բյուրականի աստղադիտարանին կից, այլ ակադեմիայի հետ պայմանագրով։ «Մասնագետներ կան։ Այս տարի մեր երիտասարդ ֆիզիկոսներից մեկը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն այդ թեմայով՝ ղեկավարությամբ Ֆելիքս Ահարոնյանի՝ մեր ակադեմիայի արտասահմանյան անդամի, եւ Յուրի Մալաքյանի, ով պրոֆեսոր է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (Աշտարակ)։ Տարբեր ինստիտուտներ են այդ գործին մասնակցում, եւ այդ կենտրոնը արդեն սկսել է գործել», - ասաց նա։ Պատասխանելով այն հարցին, թե միգուցե նամակն այդ նախագծի մասին անբավարար տեղեկացված լինելու հետեւանք է, ակադեմիկոս-քարտուղարը նշեց, որ դա նամակի հեղինակների ոճն է, եւ նամակի պատճառը գիտական չէ։

Գիտության եւ կրթության նախարարության Գիտության պետական կոմիտեի պաշտոնական մեկնաբանության մեջ նշվում է, որ նամակի հեղինակները ծանոթ չեն իրերի իրական բնույթին և կատարում են անհիմն հետևություններ, «ըստ երևույթին այն պատճառով, որ երեք նամակագիրներից առնվազն երկուսը ռելյատիվիստական աստղաֆիզիկայի մասնագետներ չեն»։ Եթե նամակի հեղինակները նախօրոք ծանոթանային այդ կենտրոնի հիմնադրման մասին կնքված պայմանագրին Գիտպետկոմի պաշտոնական կայքում, ապա նրանց համար գոնե պարզ կլիներ, որ այդ կենտրոնը ստեղծվում է ոչ թե Բյուրականի աստղադիտարանում, այլ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

Այնուհետեւ Գիտպետկոմի հաղորդագրության մեջ նշվում է, որ դժվար է բացատրել կապը Հայկ Հարությունյանի ատենախոսության եւ ստեղծվելիք կենտրոնի միջեւ , իսկ մասնագետներ չունենալու պնդմանն ի պատասխան ասվում է. «Իրականում այդպիսի մասնագետներ կան, օրինակ` այդ ասպարեզում ճանաչված ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Ֆելիքս Ահարոնյանը, ինչպես նաև մի շարք խոստումնալից երիտասարդներ, որոնք սովորել, աշխատել են արտասահմանում և որոնց աշխատանքները վերաբերում են հենց վերը նշված բնագավառին»։ Գիտպետկոմը հիշեցնում է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան արդեն մի քանի տարի է, ինչ H.E.S.S.(High Energy Stereoscopic System) միջազգային համագործակցության անդամ է, որի հետազոտությունները վերաբերում են վերոնշյալ բնագավառին, և որի գիտական ձեռքբերումները տպագրվում են հեղինակավոր գիտական ամսագրերում ու արժանացել են միջազգային հանրության բարձր գնահատականի:

Զարմանք հայտնելով, որ նամակի հեղինակները «աստղադիտարանի վարկաբեկումը փնտրում են նոր գիտական կենտրոն բացելու փաստի մեջ», Գիտպետկոմում նշում են, որ «առնվազն տարակուսանք ու ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ երեք տիտղոսավոր ֆիզիկոսներ դեմ են արտահայտվում գիտական կենտրոնի հիմնադրմանը»: «Մինչդեռ անհամեմատ տրամաբանական ու արդյունավետ կլիներ, եթե նրանց ակտիվությունն ուղղվեր այս և Հայաստանում հետագայում ստեղծվելիք այլ գիտական օջախների զարգացմանը, նոր սերնդի ներգրավմանը գիտական հետազոտությունների ասպարեզ, հեռանկարային գիտական դպրոցների ստեղծմանը», - ասվում է մեկնաբանությունում, որը եզրափակվում է բոլոր գիտնականներին ուղղված կոչով՝ իրենց գիտելիքներն ու փորձը ներդնել մեր հին ու նոր գիտական հաստատություններում գիտության զարգացմանը նպաստելուն, երիտասարդներին ոգևորելուն ու աջակցելուն. «Այլ ճանապարհ մենք պարզապես չունենք»:

Նամակի հեղինակներից մեկը՝ ԵրՖի կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Գուրզադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնի բացման մասին հայտարարել է Բյուրականի սատղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, եւ հենց նա էլ կապել է կենտրոնը աստղադիտարանի հետ։ Վ. Գուրզադայանը նշեց, որ Բյուրականը ունի իր ավանդական գիտական ուղղությունները, եւ ինքը կողջուներ ցանկացած նախաձեռնություն այն ոլորտներում, որոնցում մեր աստղադիտարանը ուժեղ է եւ հեղինակություն է վայելում աշխարհում։ Սակայն աստղադիտարանում եւ Ակադեմիայում չկան ռելյատիվիստական ֆիզիկայի մասնագետներ, կրկնեց նա նամակի պնդումը։ Գուրզադյանը նշեց, որ ինքը եւ նամակի մյուս հեղինակները, տեսաբան ֆիզիկոսներ են, եւ այդ ոլորտին մոտ կանգնած մասնագետներ, եւ համարում են, որ նման քայլերը վարկաբեկում են Հայաստանի գիտությունը։ Իր հարգանքը հավաստելով Ֆելիքս Ահարոնյանին, Վահագն Գուրզադյանը նշեց, որ, այնուամենայնիվ, նա էլ հարաբերականության տեսության մասնագետ չէ։ «Եվ ընդհանրապես, եթե Հայաստանում ինչ որ բան կատարվում է, դա պետք է լինի մասնագիտական շատ քննարկումներից հետո», -ասաց նա, հավելելով, որ իրենց որպես մասնագետների ոչ ոք չի դիմել։ Գիտնականը նշեց նաեւ, որ «մեկ ասպիրանտի համար» կենտրոն չեն ստեղծում, դա գիտական մոտեցում չէ։ « Խոսքը Հայաստանի գիտական հեղինակության մասին է միջազգային ասպարեզում։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցելու բոլոր հեռանկարային առաջարկներին», - հավաստիացրեց ֆիզիկոսը, խնդրելով իրենց գործողությունների մեջ «ինտրիգ» չփնտրել։

Մեր կողմից նշենք, որ Ֆելիքս Ահարոնյանը՝ Դուբլինի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտին կից աստղաֆիզիկայի կենտրոնի տնօրենը եւ Գերմանիայի Հայդելբերգի Միջուկային ֆիզիկայի Մաքս-Պլանկի ինստիտուտի բարձր էներգիաների աստղաֆիզիկայի տեսության խմբի ղեկավարը՝ արտերկրում ամենահայտնի հայ գիտնականներից մեկն է, ում աջակցությամբ շատ հայ գիտնականներ ներգրավվել են միջազգային համագործակցություններում։ Յուրի Մալաքյանը՝ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչը, քաջ հայտնի է տեսաբան ֆիզիկոսների շրջանակներում։ Մինչդեռ, նամակի հեղինակները եւս գիտական ասպարեզում անհայտ մարդիկ չէն։ Սերգեյ Մատինյանը, ԵՊՀ նախկին դասախոս, այժմ դասավանդում է ԱՄՆ-ում, Վահագն Գուրզադայանը ԵՊՀ-ում դասախոսելուց բացի դասավանդել է նաեւ Հռոմի La Sapienza եւ Անգլիայի Sussex համալսարաններում, ինչպես նաեւ համագործակցել է հենց այն Միջազգային Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնի հետ (ICRANet, ղեկավար` Ռեմո Ռուֆինի), որի հետ կնքվել է հայաստանյան կենտրոնի ստեղծման մասին պայմանագիրը։ Գուրզադյանի ընդդիմախոսները առաջարկում են տեղեկանալ իրենից եւ կամ Ռուֆինիից, թե ինչու է այդ համագործակցությունը մնացել անցյալում։

Ի ամփոփումն միտք է հղանում, որ հայկական գիտության հեղինակությանը վերաբերող երկու կողմերի չափազանց անհանգստության մեջ, հավանաբար, հարկ է փնտրել շահերի բախում։

Անահիտ Սարգսյան