Սիրիայում ազատ է արձակվել պատանդ վերցված սիրիահայ Վարդան Ղազանչյանը, որին առեւանգել էին Բեյրութ-Հալեպ ճանապարհին: Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունից, առեւանգման մասին տեղեկությունը չէր հրապարակվել, որպեսզի չվնասեր բանակցային գործընթացին եւ իրավիճակն էլ ավելի չսրեր:

Ընդգծենք, որ Սիրիայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր՝ սա հայերի առեւանգման առաջին դեպքը չէ: Ընդհանուր առմամբ, նախքան արյունալի իրադարձությունները Սիրիայում բնակվում էր մոտ 60-70 հազար հայ: Նրանց կեսից ավելին բնակվում էր Հալեպում, մյուս հատվածը՝ Լաթակիայում, Հոմսում, Ղամիշլիում, Ռակկայում, Քեսսաբում, Դամասկոսում: