Նալբանդյան փողոցում գտնվող Ոստիկանության շենքի մոտ այսօր` օգոստոսի 27-ին, քիչ առաջ, մեկնարկել է բողոքի ակցիան, որը նվիրված է վերջին օրերին ոստիկանության կիրառած ճնշումներին: Քաղաքացիներօի ձեռքին կան պաստառներ, որոնց վրա կան զանազան գրություններ` «Աղոթքի փոխարեն օրենք կարդացեք», «Հերիք է լպստեք օլիգարխների կոշիկները», «Մեր պետության ոստիկանությունը ուրիշ է լինելու», «Իրավախախտ ոստիկանը պետք է պատժվի» եւ այլն: Այժմ ոստիկանության շենքի մոտ հնչում են ելույթներ, որով դատապարտում են Կոմիտաս 5 հասցեում վերջին օրերին ոստիկանների արարքները: (ֆոտոռեպորտաժ)
Ակցիայից հետո նախատեսվում է երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն. Մասնակիցների պահանջն է` ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը:
Ավելի վաղ բողոքի ակցիան նախաձեռնողները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարել էին, որ օգոստոսի 24-ին ցերեկը 26 հոգի բերման է ենթարկվել Կոմիտաս 5-ից, իսկ երեկոյան` 16 հոգի Երեւանի քաղաքապետարանի մոտից։ Այսինքն` ընդամենը մեկօրվա ընթացքում առանց իրավական հիմնավորման ոստիկանությունը 40-ից ավել մարդու է բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք եւ երեք ժամ, երբեմն` դրանից ավել, նրանց պահել անազատության մեջ։ Դրանից բացի` ոստիականությունը բռնություններ էր կիրառել քաղաքացիների նկատմամբ, կան լուրջ մարմնական վնասվածքներով քաղաքացիներ, նրանց թվում՝ Արգիշտի Կիվիրյանը։ «Սա հստակ ռեպրեսիա է, որն արվում է քաղաքական հրամանով: Ավելին, ոստիկանության անգործության պայմաններում քաղաքապետարանի հարակից տարածքում Միհրան Մարգարյանին եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանին կեսգիշերն անց ծեծի են ենթարկել անհայտ անձինք՝ ասելով «մեր հերերի դե՞մ եք հելել»»,- ասված է նախաձեռնողների հաղորդագրության մեջ։
Բողոքի ակցիայի ուղիղ հեռարձակումը` Azatutyun.am-ի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











