Մենդելեեւի աղյուսակում նոր տարր կարող է հայտնվել: 115-րդ տարրի առկայությունը հաստատել են Շվեդիայի Լունդի համալսարանի գիտնականները: Նոր տարրը ոչ պաշտոնապես կոչվում է ununpentium:

Այն առաջին անգամ սինթեզվել է 2004թ. ամերիկացի եւ ռուս գիտնականների համատեղ խմբի կողմից: Սակայն նոր տարրերի ի հայտ գալը հաստատվում է Տեսական եւ կիրառական ֆիզիկայի եւ Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միությունների համատեղ աշխատանքային խմբի կողմից, որը հայտարարել էր, թե ուսումնասիրությունը բացահայտումների համար ներկայացվող պահանջներին չի համապատասխանում:

Utro.ru-ն նշում է, որ շվեդ ուսումնասիրողներին կրկին հաջողվել է սինթեզել նոր տարր: Նրանք ամերիցիումի 95 պրոտոններով ատոմները ռմբակոծել են կալցիումի  20 պրոտոններով ատոմներով : Ռմբակոծման հետեւանքով ստացվել է 115 պրոտոնով տարր: Ատոմներն այնքան անկայուն են եղել, որ գրեթե ակնթարթորեն քայքայվել են:  

Քայքայման ընթացքում զատված ֆոտոնների քանակի չափումները թույլ են տվել հաստատել նոր տարրի գոյությունը: