Համացանցում նոր վիրուս է հայտնվել, որը հանդես է գալիս որպես Facebook-ում ընկերների անունից դրված տեսագրություն: Հաքերների գործողություններից արդեն տուժել է 800 հազար օգտվող:
Վիրուսի հղումը գալիս է էլեկտրոնային նամակով կամ Facebook-ի անձնական հաղորդագրության տեսքով, որը ծանուցում է, որ ինչ-որ մեկը մարդուն նշել է տեսագրության մեջ: Անծանոթ URL-հասցեով անցնելիս օգտվողին խնդրում են ներբեռնել «փլագինը»՝ տեսահոլովակը դիտելու նպատակով: Երբ վնասակար վիրուսը հայտնվում է համակարգչում, չարագործներին հասանելի է դառնում բրաուզերում պահվող ցանկացած տեղեկություն, այդ թվում նաեւ Facebook-ի, Twitter-ի եւ այլ սոցցանցերի հասցեները եւ գաղտնաբառերը, հայտնում է Hi-Tech Վեստին:
Ըստ ուսումնասիրողների՝ վիրուսը ստեղծել են Թուրքիայի հաքերները: Այն տարածվում է բավական արագ՝ ժամում 40 հազար հարձակում, եւ արդեն հասցրել է վարակել Chrome-ից օգտվող 800 հազար մարդու:
Բրաուզերի ստեղծող Google ընկերությունը տեղեկացված է հարձակման մասին եւ արդեն արգելափակել է «վատ» փլագինը: Facebook-ը նույնպես զբաղվում է վիրուսի հղումների մաքրմամբ:





























