Հայաստանի Հատուկ քննչական ծառայության առջեւ բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի, ում դեմ քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ իբր բռնության մեղադրանքով:

ՀՔԾ շենքի մոտ են հավաքվել երեք տասնյակից ավելի փաստաբաններ, որոնք մտադիր են ստանձնել Արգիշտի Կիվիրյանի պաշտպանությունը:

Կիվիրյանը ներկայումս գտնվում է ՀՔԾ շենքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննության: Նրան առայժմ չեն հայտնել գործով իր կարգավիճակը, թեեւ նա չի բացառել, որ իրեն կարող են ներգրավել որպես մեղադրյալ:

Շենքի մոտ հավաքվածները վճռական են տրամադրված, շատերի ձեռքին պաստառներ կան:

Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել:

Ոստիկանությունը իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ)։

Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանին պաշտպանելու պատրաստակամություն է հայտնել հարյուրից ավելի փաստաբան, նրանց թիվը անընդհատ աճում է:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am