Ամերիկացիները գաղտնի արբանյակ են ուղարկել տիեզերք, որը կօգտագործվի ԱՄՆ-ի Հետախուզության ազգային վարչության կողմից։ Delta-4 հրթիռակրի մեկնարկը կայացել է ռազմաօդային ուժերի Կալիֆոռնիայում գտնվող Վանդենբերգ կայանից։

Պենտագոնի պահանջների համաձայն`մեկնարկից վեց րոպե անց թռիչքի հետագա ընթացքին կողմնակի դիտորդների հետեւելը դադարեցվել է: Հատուկ մասնագիտացված  Spaceflightnow.com կայքը, որը մեկնարկից անմիջապես հետո հրթիռի շարժման մոնիտորինգ է անցկացրել, հայտնել է, որ մեկնարկը տեղի է ունեցել սովորական ռեժիմով: 

ԱՄՆ-ի հետախուզական արբանյակները կառավարող եւ ԿՀՎ-ին ու Պենտագոնին համապատասխան տեղեկատվությամբ ապահովող Հետախուզության ազգային վարչության գործունեությունը գաղտնի է: Վարչութունը լռություն է պահպանում այդ թռիչքի կոնկրետ խնդիրների վերաբերյալ, հայտնում է  NEWSru.com-ը:

Տվյալ նախագծի արժեքը նույնպես գաղտնի է պահվում: Ըստ The Los Angeles Times թերթի` տիեզերք է ուղակվել «արբանյակ, որն ունակ է այնքան բարձր որակի լուսանկարներ անել, որ նրանցում կարելի է տարբերակել մեքենաների մոդելները»: Ըստ թերթի տեղեկության` սարքի արժեքը կազմում է 1 միլիարդ դոլար: