Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույցում շեշտը դրել են սիրիական հակամարտությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով հաղթահարելու անհրաժեշտության վրա: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է օգոստոսի 28-ին իրանական կողմի նախաձեռնությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում տիրող իրավիճակին եւ դրա շուրջ զարգացումներին:

«Երկու կողմերն էլ սկզբունքորեն անթույլատրելի են համարում քիմիական զենքի կիրառումը՝ անկախ նրանից, թե ով է դա անում: Հաշվի առնելով արտաքին ռազմական միջամտության կոչերը՝ նրանք նաեւ կարեւորել են հակամարտությունը կարգավորելու համար բացառապես քաղաքական-դիվանագիտական ուղիների որոնումը»,-ասվում է Կրեմլի հայտարարությունում:

Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության որոշ հարցեր եւ կայանալիք կոնտակտների գրաֆիկը: