Իրան առաքելու համար նախատեսված С-300 զենիթահրթիռային համալիրներն այս պահին ամբողջությամբ կազմաքանդվել եւ մասնակի օգտահանության են ենթարկվել: Այս մասին հայտնել է «Ալմազ-Անտեյ» ՀՕՊ կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մենշչիկովը:
«Իրանի համար նախատեսված տեխնիկան արդեն գոյություն չունի: Սա միանգամայն հավաստի տեղեկություն է», - ասել է նա՝ հավելելով, որ ցանկացած ապրանք արտադրվում է որեւէ որոշակի պայմանագրի պահանջով ու չի կարող այլ պատվիրատուի տրվել», հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ռուսաստանն եւ Իրանը С-300 համալիրների մատակարարման պայմանագիր էին կնքել 2007թ.: Դրա կատարումը մի շարք պատճառներով ձգձգվել էր, իսկ 2010թ. նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իսլամական հանրապետությանը С-300 համալիրների մատակարարումն արգելող հրամանագիր էր ստորագրել՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների համատեքստում:





























