«Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող «DigiTec Expo 2013» միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 4-6ը, «Երեւան Էքսպո» կենտրունում: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:
Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 150 կազմակերպություն` անցած տարվա 120-ի համեմատ, իսկ այցելուների քանակը կհասնի 26 հազարի` 2012 թվականի 24 հազարի փոխարեն:
Ներկա դրությամբ 60 կազմակերպություն արդեն իսկ մասնակցության հայտ է ներկայացրել ցուցահանդեսին, որոնց թվում են` «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «Մայքրոսոֆթ», «Լոկատոր», «Լանար Սերվիս», «Հիբրիդ Սոլյուշնս», «Աստրոմափս», «Ինսթիգեյթ», «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ», «ՎեբԴոռադո», «Թվային Նուռ» ընկերությունները, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Երեւանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, «Անանիա Շիրակացի» կրթահամալիրը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանը եւ այլ կազմակերպություններ: Ցուցահանդեսի մասնակիցները 3 օրերի ընթացքում կցուցադրեն նորարարական վերջին սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումները, ծրագրային ապահովումները եւ այլն:
ԴիջիԹեք ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երեւանում եւ անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, պլատինե հովանավորն է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, իսկ պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը:





























