Կոմիտաս 5 հասցեից օգոստոսի 24-ին բերման ենթարկված եւ ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին դեպքից միայն 5 օր անց են տվել դատաբժշկի ուղեգիր: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, Գլխավոր դատախազության շենքի մոտ` Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո, ասաց Արգիշտի Կիվիրյանը: (ֆոտոռեպորտաժ)

Նա նշեց, որ դեպքից հինգ օր անց` օգոստոսի 29-ին, կատարվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ մինչ այդ իրեն չէր տրվում դատաբժշկի ուղեգիր: Արդեն դատաբժշկի մոտ էլ Արգիշտի Կիվիրյանը տեղեկացել է, որ հիվանդանոցից ուղարկված իր հիվանդության պատմության մեջ ամեն ինչ խեղաթյուրված է, նշված է, որ ինքը որեւէ վնասվածք, քերծվածք չունի, մինչդեռ առկա են հակառակն ապացուցող լուսանկարներ, տեսանյութեր:

Նշենք, որ այսօր Արգիշտի Կիվիրյանին կանչել էին ՀՔԾ` հարցաքննության: Նա պնդեց, որ իր շահերը ներկայացնեն եւ իր հետ հարցաքննության բարձրանան Գլխավոր դատախազության շենքի մոտ եկած 30 փաստաբանները, սակայն նախաքննական մարմինը չնդառաջեց: Արգիշտի Կիվիրյանը բացարկ հայտնեց քննիչին եւ այժմ պետք է իր ցուցմունքը գրավոր ուղարկի: Արգիշտի Կիվիրյանը շեշտեց, որ թեեւ իր նկատմամբ է բռնություն կիրառվել, բայց մինչ օրս չկա հարուցված քրեական գործ եւ որեւէ գործողություն չեն ձեռնարկում մեղավորներին պատժելու համար:«Ակնհայտ է, որ գործը հարուցվել է իմ դեմ, հարուցվել է ոմն ոստիկանի զեկուցագրի հիման վրա, որը պնդում է, թե ոստիկանական մեքենայում  այդ ես եմ իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել եւ հարվածել իրեն»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը` շեշտելով, որ ինքը մտադիր է պայքարել բոլոր միջոցներով:

Նշենք, որ երկու օր առաջ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հետաձգել էր Կիվիրյանի հարցաքննությունը, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէր եղել պատշաճ պայմաններ ստեղծել հարցաքննության համար: Կիվիրյանին պաշտպանելու մտադրություն է հայտնել 150-ից ավելի փաստաբան: Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել:

Ոստիկանությունը իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ)։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am