NEWS.am-ն ընթերցողից ստացել է հեռախոսով արված տեսագրություն, որն արվել է օգոստոսի 24-ին, Կոմիտաս 5 հասցեում:
Տեսագրության մեջ երեւում է, թե փողոցը փակած բնակիչների եւ ակտիվիստների հետ քաշքշուկի ընթացքում ոստիկանության կարմիրբերետավորներից մեկը հենց մեքենայի մեջ կոպտորեն բռնել է տաքսու վարորդի կոկորդից, երբ վերջինս մեքենայի ազդանշան էր տվել: «Սիգնալ չտաս» ասելով ոստիկանը ճանկում է վարորդի վիզը, սակայն վերջինիս ետ են քաշում գործընկերները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոմիտաս 5 հասցեում պատրաստվում են կառուցել 7 հարկանի նորակառույց շենք, որը, բնակիչների կարծիքով, լրիվ փակում է այդ բակի շենքերի արեւը, մուտքը, լույսը: Այստեղ շինարարությունը սկսել են մի քանի տարի առաջ, բայց բնակիչների բողոքի արդյունքում դադարեցրել էին այն, իսկ վերջին շաբաթների ընթացքում նորից վերսկսել: Շինարարությունն ուղեկցվել է բնակիչների, ակտիվիստների բողոքի ակցիաներով, նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներով, բազմաթիվ ակտիվիստների ձերբակալություններով, մարմնական վնասվածքներ հասցնելով: Օգոստոսի 24-ին ոստիկանները բռնություններ էին գործադրել մարդկանց նկատմամբ, իսկ 26 մարդու տեղափոխել էին ոստիկանական բաժին:
Այս պահի դրությամբ շինարարությունը դադարեցված է:











