Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում ջրհեղեղի սկսվելու պահից ի վեր բժշկական օգնության է դիմել 37 հազար մարդ, որից ավելի քան 3000-ը տեղափոխվել  է հիվանդանոց, օգոստոսի 31-ին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Ընդհանուր առմամբ հիվանդանոց են տեղափոխվել 3025 մարդ, այդ թվում՝ 631 երեխա: Հոգեկան ցնցումներից մարդկանց մոտ սրվում են քրոնիկ հիվանդությունները, պարզաբանել է նախարարը:

Գերատեսչությունը ենթադրում է ջրհեղեղից տուժած շրջաններում բնակչության պատվաստումը ավարտին հասցնել մինչեւ սեպտեմբերի  8-ին: Նախարարի խոսքով՝ նախապես ծրագրվում էր պատվաստել 90 հազար  մարդու, սակայն այս պահին արդեն պատվաստել են ավելի քան 170 հազար մարդ, այդ թվում 26 հազար զինծառայող:

Արդեն մեկ ամիս է, ինչ Հեռավոր Արեւելքը պայքարում է ջրհեղեղի հետեւանքների դեմ: Շաբաթ օրը՝ օգոստոսի 31-ին, Ամուր գետի մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 782սմ-ի, հաղորդում է РБК-ն: Տեղական իշխանությունների տվյալներով այս պահին վնասը գնահատվում է մոտ 2 մլրդ ռուբլի, այժմ ջրհեղեղի գոտում է գտնվում ավելի քան 40 հազար մարդ: Արտակարգ իրավիճակի չեզոքացմանը մասնակցում է 30 հազար մարդ ու 5000 միավոր տեխնիկա: