«Ծածկած շուկայի» տարածքից բերման ենթարկվելուց մոտ երեք ժամ անց, 17։30-ի սահմանում, Ոստիկանության Կենտրոն բաժանմունքից ազատ է արձակվել Արեն Մանուկյանը եւ բերման ենթարկված բոլոր ակտիվիստները։
Արեն Մանուկյանը, ով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի որդին է, NEWS.am-ի թղթակցին ասել է, որ բերման ենթարկվելիս ինքը տեղյակ չի եղել, թե ինչու են իրեն տանում բաժին։ Ոստիկանությունում նրան ասել են, որ իրեն բերման են ենթարկել միայն «Ծածկած շուկայի» մոտ բախումները կանխելու համար։
«Տանելու ժամանակ խփել, հրել, գցել են ավտոն։ Հետո այստեղ որոշեցին, որ Վարչական օրենսգրքի 182 հոդվածով իրավախախտում է եղել։ Իբր չեմ ենթարկվել ինչ-որ պահանջների։ Բայց իրենք էլ չգիտեին՝ որ պահանջներին։ Բախումից խուսափելու համար որոշեցին բախում հրահրել»,- ասաց Արեն Մանուկյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր ժամը 14։00-ին «Ծածկած շուկայի» մոտ կառուցապատման դեմ բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոց էր տեղի ունեցել ակտիվիստների եւ շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանին պաշտպանող, շուկայի նախկին աշխատակիցներ ներկայացող կանանց միջեւ, որոնք, ակտիվիստների համոզմամբ, իրականում, «Մալաթիա» շուկայի աշխատող կանայք են։ Ոստիկանությունը բերման էր ենթարկել մոտ մեկ տասնյակ մարդու, այդ թվում՝ ակտիվիստներ եւ նրանց դեմ հակաակցիա իրականացնողներ։ Այս պահին «Ծածկած շուկայի» մոտ իրավիճակը հանգիստ է, այսօրվա ակցիան կարելի է համարել ավարտված։











