ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վստահեցնում է, որ օգոստոսի 31-ին ոստիկանությունը «Ծածկած շուկայի» մոտից ապօրինաբար է բերման ենթարկել ակտիվիստ Արեն Մանուկյանին՝ առանց իրավական որեւէ հիմքի։
«Իրավական հիմքը պատրաստում էին երկար ժամանակ, իմ պահանջից հետո։ Ցույց չէին տալիս իրավական հիմքը, հեքիաթ էին պատմում, տանում բերում էին։ Իրավական հիմքն ակնհատորեն պատրաստել են բերման ենթարկելուց հետո, ինչը օրենքի խախտում է»,- NEWS.am-ի թղթակցին ասա Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ Արեն Մանուկյանի դեմ գործ չի հարուցվել, ընդամենը եղել է զեկուցագիր, իբր ակտիվիստը չի ենթարկվել ոստիկանությանը։
«Ուղղակի ամեն ձեւով, գործողություններով, փորձում են այնպես անել, որ մարդիկ ավելի ու ավելի քիչ էնտուզիազմ ունենան։ Բայց դրանով ավելի են ամրապնդում մարդկանց վճռականությունը։ Ես ոստիկանությանը մի պարզ բան եմ ուզում բացատրել, որ դուք զբաղված եք սխալ գործով։ Թողած ծանր հանցագործությունները, դուք ընկել եք այն մարդկանց հետեւից, ումով պետք է հպարտանայիք։ Այս երիտասարդները մեր ազգի ամենապարկեշտ, օրինապահ մարդիկ են»,- նշեց պատգամավորը։
Զուրաբյանի խոսքով՝ ոստիկանությունը դարձել է «բութ գործիք մի քանի օլիգարխների ձեռքում, կատարում են նրանց պատվերը, օգնում նրանց, ովքեր անպատկառելիորեն կեղեքում են ժողովրդին»։
Զուրաբյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակի մեղավորը ոստիկանությունն է, որը արհեստականորեն լարում է իրավիճակը։
«Վերջերս զրուցել եմ Կոմիտաս 5-ի ակտիվիստների հետ։ Նրանք ասում էին, որ իրենք այդքան ուժգին չէին պայքարի, եթե չլինեին ոստիկանության դաժան գործողությունները»,- ասաց Զուրաբյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր ժամը 14։00-ին «Ծածկած շուկայի» մոտ կառուցապատման դեմ բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոց էր տեղի ունեցել ակտիվիստների եւ շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանին պաշտպանող, շուկայի նախկին աշխատակիցներ ներկայացող կանանց միջեւ, որոնք, ակտիվիստների համոզմամբ, իրականում, «Մալաթիա» շուկայի աշխատող կանայք են։ Ոստիկանությունը բերման էր ենթարկել մոտ մեկ տասնյակ մարդու, այդ թվում՝ ակտիվիստներ եւ նրանց դեմ հակաակցիա իրականացնողներ։ Բոլորը երեք ժամ անց ազատ են արձակվել։











