Բախումներ են տեղի ունեցել Իրաքում իրանցի փախստականների «Աշրաֆ» ճամբարում: Վերջին տվյալներով՝ բախումների զոհ է դարձել 47 մարդ: Նման թիվ է հաղորդում ՄԱԿ-ը:
Ինչպես գրում է «Lenta.Ru»-ն, վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին, պայթյուններն ու զինված բախումները սկսվել են սեպտեմբերի 1-ի ցերեկը: Միջադեպի մասին տեղեկությունները հակասական են. ոստիկանները նշում են, որ ճամբարի վրա հարձակում են գործել 5 նռնականետերի միջոցով, մինչդեռ իրանցի պաշտոնյաներից մեկը հաղորդել է, որ ճամբարի տարածքում նավթամթերքով կոնտեյներ է պայթել:
Իրաքյան իշխանությունների վարկածով՝ ճամբարում անկարգություններ են սկսվել, որոնց ընթացքում բնակիչները փորձել են գրոհով գրավել ռազմական դիրքը, ինչից հետո զինվորականները նրանց ուղղությամբ կրակ են բացել: Իրավապահները հաղորդել են 19 զոհի եւ 52 վիրավորի մասին: Բացի այդ, ձերբակալվել է 38 մարդ:
«Աշրաֆ» ճամբարը տեղակայված է Բաղդադից 60 կմ դեպի հյուսիս:





























