Փակ շուկայի մոտ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության սեպտեմբերի 1-ին կազմակերպած ակցիայի ժամանակ սադրիչները հարձակվել եւ ծեծի են ենթարկել անչափահասի: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Նախախորհրդարանի» քարտուղարությունը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Ոստիկանությունից պահանջում ենք գործել օրենքի շրջանակներում եւ ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը:

Հայտնում ենք, որ մեր ակցիաները կրում են բացառապես խաղաղ բնույթ, եւ նրանք, ովքեր կդիմեն սադրանքների մեզ հետ որեւէ կապ չունեն:

Նախաձեռնության պահանջները հստակ են`

1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը եւ վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.

- ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,

- հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:

2. Դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը եւ դրա տարածքում արգելել որեւէ տնտեսական գործունեություն` մինչեւ նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:

3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:

Հետամուտ ենք լինելու մինչեւ մեր օրինական պահանջների լիիրավ բավարարումը»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am