Վիետնամում ուժի մեջ է մտել համացանցում երկրի ներքին քաղաքական կյանքը քննարկելն արգելելու մասին օրենքը: Ըստ օրենքի` բլոգները եւ սոցիալական կայքերը կարող են օգտագործվել միայն անձնական տեղեկատվության փոխանակման համար:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ օրենքն արգելում է համացանցում հրապարակել լուրեր, հոդվածներ, նյութեր, որոնք պարունակում են  Վիետնամի կառավարության դիրքորոշումից տարբերվող կարծիքներ կամ  «սպառնում են ազգային անվտանգությանը»: Նոր օրենքը նաեւ պահանջում է, որ արտասահմանյան համացանցային ընկերությունների  տեղական  ցանցերը գտնվեն Վիետնամի տարածքում:

Այս տարի տասնյակ ակտիվիստներ, այդ թվում` բլոգերներ, հայտնվել էին բանտում հակապետական գործունեության համար: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը Վիետնամն ընդգրկել էր  «համացանցի թշնամիների» ցուցակում: «Ասիայի համացանցային դաշինքը», որը ներկայացնում է առցանց ընկերությունները,  այդ թվոմ նաեւ`  Google-ը եւ Facebook-ը, հայտնել էր, որ  օրենքը «կխեղդի նորարարությունները, եւ ընկերություններն այլեւս ցանկություն չեն ունենա աշխատել Վիետնամում»: